ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 42-ամյա Արամ Բարսեղյանն էր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 09: 15-ի սահմաններում Ա. Բարսեղյանը Այգեզարդ գյուղի Կոստանի փողոցում, բարձրանալով էլկետրասյան վրա, վերանորոգման աշխատանքներ է կատարել, որի ընթացքում էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:
Փաստի առթիվ Ն. Այվազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
--00--ԱՀ