ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
«Հայրենիք» կուսակցությունը ռազմամարզական հավաք է կազմակերպել Գեղարքունիքի մարզում։ «Երիտասարդության ուժը» խորագիրը կրող ամենամյա միջոցառումը համախմբել է Երևանի և ՀՀ մարզերի հարյուրավոր երիտասարդների։
Հավաքի ընթացքում անցկացվում են ռազմամարզական և մշակութային միջոցառումներ, ճամբարականները ծանոթանում են զենքի գործածությանը, մարտի վարման կանոններին, տեղում յուրացնում և կատարելագործում են ռազմարվեստի հմտությունները։
Երիտասարդության օրվա առթիվ հավաքի մասնակիցներին է այցելել «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Երեկոյան խարույկի շուրջ ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները նրա հետ քննարկել են ՀՀ արտաքին և ներքաղաքական օրակարգին, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։
Շնորհավորելով երիտասարդներին տոնի կապակցությամբ՝ Արթուր Վանեցյանն ընդգծել է երիտասարդության ակտիվ քաղաքական և քաղաքացիական մասնակցության կարևորությունը՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։
Ճամբարականների հետ նմանատիպ ձևաչափով հանդիպումները կշարունակվեն։
--00—ՄՀ