ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Իրավիճակը, որում հայտնվել են հայկական պետությունները և ընդհանրապես մեր տարածաշրջանը, ստիպում է, որպեսզի անվտանգություն ապահովելու հարցում Հայաստանի հաշվարկներն առավել քան ճշգրիտ լինեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Դրանք չեն կարող սահմանափակվել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողությունների համադրմամբ ու այդ կոնտեքստում քիչ թե շատ ընդունելի լուծումների որոնումով։
Այդ հաշվարկն իրականում իր մեջ պետք է ներառի Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, Պարսից Ծոցից մինչ Սև ծովի ավազան և Եվրոպայից Չինաստան ընկած տարածքներում տեղի ունեցող բոլոր զարգացումները։ Ասել է թե՝ հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթի լինել։ Այն պետք է դառնա աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշվարկված մասնակցության պրոդուկտ։
Միայն այդ դեպքում կարելի կլինի հուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտերության ռազմական պոտենցիալ կարող է ծառայել հայկական երկու պետությունների անվտանգության համակարգին։
Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտված են ձախողման, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը մեծ տերությունների ձեռքում մանրադրամ լինելուն», - նշել է նա։
--00--ԱԹ