ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 66-ամյա Հմայակ Ամիրյանը, ով հայտնել է, որ Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու հետ կապված իր հետ վիճաբանության մեջ է մտել Երևանի բնակիչ, 69-ամյա Հովաննես Հունանյանը:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Հ. Ամիրյանը ասել է, որ Հ. Հունանյանը իր հասցեին հնչեցրել է սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ:
Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննական բաժանմունք:
Հ. Հունանյանն էլ ոստիկանության գեներալ-մայոր է, նախկինում աշխատել է ՀՀ փոխոստիկանպետի օպերգծով տեղակալ, իսկ ոստիկանություն ահազանգած Հ. Ամիրյանը նույնպես նախկին ոստիկանության ծառայող է, իսկ այժմ աշխատում է «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, ով Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ է կատարում և, ըստ Հ. Հունանյանի, նա ապօրինի մտել է իր աղջկան պատկանող տարածք և ինքը նրան հորդորել է, որպեսզի իր աղջկա տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվի, ինչից հետո Հ. Ամիրյանը ահազանգել է ոստիկանություն:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հ. Հունանյանը, ըստ աղբյուրի, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
--00—ՄՀ