ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հերթական զավեշտը
Զավեշտալի է, երբ հետպատերազմյան այս ողջ շրջանում ականատես ենք լինում Հայաստանում, կամ օտար երկրներում Հայաստանին և/կամ Արցախին վերաբերվող ինչ-որ գործարար, խորհրդատվական, կամ ներդրումային համաժողովների, սոցիալ -տնտեսական ծրագրերի, կամ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հայեցակարգային ու հեռանկարային իբր «ապաքաղաքական» քննարկումների, երկրի ապագային վերաբերվող ամբողջական, կամ ոլորտային զարգացման մասնագիտական հավաքների և մտավարժանքների։
Զավեշտն այն է, որ առ այսօր հայտնի չէ, թե Հայաստան, կամ Արցախ ասելով ինչ նկատի ունեն այս՝ իբր քաղաքականությամբ չզբաղվող և իրենք իրենց գործով զբաղվածները՝
- ո՞ր տարածքը, ինչպիսի պետությունը,
- ո՞ր սահմաններում՝ որտեղի՞ց որտեղ,
- ի՞նչ անվտանգային, տարածքային, ռեսուրսային, ժողովրդագրական, ենթակառուցվածքային ու կենսական ելակետային պայմաններում։
Որևէ բան հայտնի՞ է…
Նույնիսկ հայտնի չէ հենց այդ հավաքների մասնակիցների և կազմակերպիչների (եթե Հայաստանում, կամ Արցախում են բնակվում) ֆիզիկական գոյության հեռանկարը։
Հետևաբար, ի՞նչ են քննարկում, ու՞մ են զբաղեցնում, մոլորեցնում ու շեղում՝ նույնպես անհայտ է»։
--00--ԱԹ