ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Նախագիծն ընդունվեց ձայների 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել նախագծին:
Նախագծով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը, այն է՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:
Հիշեցնենք, որ մինչ այս նախագծի ընդունումը սոցփաթեթով հասանելի ծառայություններն էին՝ հանգստի ապահովում Հայաստանում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճարի մարում, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերում:
--00--ԱԹ