ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։
Մասնավորապես անհրաժեշտ է՝
- պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,
- պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,
- ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
- լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ,
- լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
- լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
- լողավազանի բուժաշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։
Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ`
- երեխաների լողավազանում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,
- երեխաների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 4,0- 5,0 քմ է, մեծահասակներինը՝ 5,0-8,0 քմ է։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
--00--ԱԹ