ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Պետական գործիչ, գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ չի տեղափոխվել Հայաստան։
«Չեմ կարող հստակ ասել՝ ինչ խնդիրներ կան», - 24News-ին ասաց Սիրադեղյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։
Կրտսեր որդին փոխանցեց, որ Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը դեռևս նիստ չի գումարել։ «Որ նիստ լինի, տեղյակ կլինեք, այսինքն՝ կհանրայնացնենք», - նշեց նա։
Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը մահացել է արտերկրում, հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։
Սիրադեղյանի հուղարկավորության հանձնաժողովը ստեղծվել է նոյեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Համաձայն որոշման՝ այն գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը, Սիրադեղյանի ընկեր, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հ․ Պողոսյանը և սիրադեղյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։
--00--ԿԿ