ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24 News
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայ-ադրբեջանական լարվածությունից խուսափելու միակ միջոցն անվանել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին օրերին ադրբեջանա-հայկական սահմանի Քարվաճառի ուղղությամբ լարված իրավիճակ է նկատվում։
«Սահմաններին լարվածությունից խուսափելու միակ ճանապարհը սահմանազատման գործընթացի մեկնարկն է»,- ասել է Բայրամովը։
Ըստ Բայրամովի՝ իրենք կառուցողական դիրք ունեն, որն իբրև թե չեն նկատում հայկական կողմից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սահմաններին սադրանքների իրականացումը։
«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են:
Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն»,- նշել էին ԱԳՆ-ից։
--00—ՄՀ