ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Իսրայելական ռազմուժը գրեթե ամեն օր ցամաքային գործողություններ է իրականացնում պաղեստինյան բնակավայրերում՝ ոչնչացնելով ու ձերբակալելով նրանց, ում կասկածում են «Համասի» հետ կապ ունենալու մեջ։ Նախորդ շաբաթներին իրավիճակը սրվել է նաև Հորդանան գետի արևմտյան ափին, ուր հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 120 պաղեստինցի է սպանվել իսրայելական զորքերի ու հրեա վերաբնակիչների հետ բախումների հետևանքով։ Զոհվածներից շատերը արևմտյան ափին գործող զինված խմբավորումների անդամներ էին։ ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի գրեթե մեկ երրորդը երեխաներ են: Գրում է Ամերիկայի Ձայնը։
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող և փախստականների համար նախատեսված «Ջենին» ճամբարում երեխաներ են վազվզում՝ խաղալիք ատրճանակներով՝ ճի՛շտ նույն վայրում, ուր ընդամենը ժամեր առաջ իսրայելական ուժերը սպանեցին «Իսլամական ջիհադի» երկու զինյալների:
Պաղեստինցի փոքրիկները վազում են, «կրակում» և թաքնվում երևակայական թշնամիներից։ Իրական փամփուշտների թողած անցքերն ու արյան հետքերը դեռ թարմ են։ Երեխաներից ոմանք ձևացնում են, թե օդ են կրակում` հիշատակելով զոհվածներին:
Ջուբարը 12 տարեկան է, բազմաթիվ նպատակներ ունի։ Ասում է, թե ցանկանում է սովորել, դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու զինվորական: Ձեռքին խաղալիք հրացանն է, որի վրա պատկերված է ընկերոջ նկարը, ով զոհվել է իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ։
«Նա այստեղ էր, նրանք՝ այնտեղ… հետո հնչեցին կրակողցներ, և նա զոհվեց»,- պատմում է Ջուբարը:
Առավոտյան սպանվել էր «Իսլամական ջիհադ» խմբավորման տեղի հրամանատար Այսար Ալ-Ամերը: Ջենինում տեղի ունեցած հուղարկավորությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ: «Ամերիկայի ձայնի» թղթակից Յան Բոչատի ներկայացմամբ, տեսարանը, կարծես, սովորական էր այդտեղի մարդկանց համար:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, նախորդ 15 տարիների համեմատ՝ 2023 թվականը ամենից մահաբերն է արևմտյան ափի պաղեստինցիների համար․ տարին դեռ չի բոլորել, սակայն սպանված տեղի պաղեստինցիների թիվը 120 է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ