ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Իսրայելը 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին հանձնարարել Է COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալ կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետ կապված անհանգստության ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Jerusalem Post-ը:
Համավարակի հակազդման խումբը դեկտեմբերի 21-ի երեկոյան որոշում Է ընդունել, որ 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիները եւ բուժաշխատողները կկարողանան ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը, հաղորդել Է առողջապահության նախարարությունը:
Պատվաստումը կարելի կլինի անել պատվաստանյութի երրորդ չափաբաժինն ստանալուց չորս ամիս անց: Բացի այդ, պատրաստուկի երկրորդ եւ երրորդ չափաբաժիններն ստանալու միջեւ ընկած ժամանակաշրջանը կրճատվել Է հինգից մինչեւ երեք ամիս: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը իր հայտարարության մեջ ողջունել Է հանձնարարականը եւ քաղաքացիներին հորդորել՝ որքան կարելի Է ավելի արագ անել ներարկումը:
Նա նշել Է, որ Իսրայելն առաջին երկիրն Է աշխարհում, որն իր քաղաքացիներին առաջարկել Է պատվաստանյութի երրորդ չափաբաժինը: Նրա կարծիքով, պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը կօգնի «հաղթահարելու օմիկրոնի ալիքը, որը համակում Է աշխարհը»:
Հուլիսի վերջին երկիրն սկսել Է խթանիչ ներարկումներ առաջարկել 60-ից բարձր տարիքի անձանց համար:
Օգոստոսի վերջից խթանիչները 16-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների համար հասանելի են դարձել պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց հետո: Պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալու մասին որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելում հայտնաբերվել Է օմիկրոն տարատեսակով հիվանդանալու ավելի քան 150 նոր դեպք:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցած կիրակի օրը COVID-19-ով հիվանդացության ամենօրյա դեպքերի թիվն Իսրայելում երկու ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել Է հազարը:
--00—ՄՀ