ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիմի ցուցադրությանը։
«ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է «Ռուսաստանի հայերի միության» և Ռուսաստանում գործող հայկական մյուս կազմակերպությունների, ինչպես նաև, ՌԴ իշխանությունների հետ, հունվարի 28-ին Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրման շուրջ արհեստական կրքերի թեժացման փորձերի հետ կապված։
Դեսպանությունը ուշադրությամբ հետևում է նաև լրատվամիջոցների հրապարակումներին և իր խոր մտահոգությունն է հայտնում որոշակի շրջանակների կողմից, որոնք շահագրգրված են հայ-ռուսական հարաբերությունների ստվերմամբ, Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակի պղծման փորձերի համար։
Անթույլատրելի ենք համարում այս թեմայի շահարկումը և կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և իրականությնը չհամապատասխանող ինֆորմացիա տարածելուց»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ REGNUM լրատվական գործակալության փոխանցմամբ, հունվարի 28-ին Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը, որը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։
Գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ ըստ իրավապահների, դա համարվում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը հանդիսանում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների եւ հեռացրել դիտման համար հավաքվածներին։