ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24 News
Բարձրագույն դատական խորհուրդը պետք է մտածի՝ ինչպիսի պատասխանատվության ենթարկել արդարադատության նախարարին, գնդակն իր դաշտում է, իսկ պարոն Ազարյանն էլ, իմ կարծիքով, արտահայտում է դատավորների միասնական կամքը։ Այս մասին 24News-ին ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին դատավորների ընդհանուր միության նախագահ, դատավոր Ալեքսանդր Ազարյանի տարածած հայտարարությանը։
Ազարյանը դիմում էր հղել ԲԴԽ-ին՝ նշելով, որ փետրվարի 11-ին «Factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի: Դատավոր Ազարյանը նաև ԲԴԽ-ին առաջարկել էր միանալ այս հայտարարությանը և «իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը»:
Արդարադատության նախարարության լրատվական բաժնից արձագանքելով այս հայտարարությանը՝ «Հրապարակ» թերթին էր փոխանցվել նախարար Կարեն Անդրեասյանի հետևյալ դիրքորոշումը. «Որևէ մեկնաբանության կարիք չենք տեսնում: Հասարակությունը տեսնում է ամեն ինչ»։
Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել է ԴԸՄ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ։
Դատավոր Դավիթ Բալայանն ասաց, ու համամիտ է Ազարյանի տարածած հայտարարության հետ։ «Ինձ թվում է, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական առաքելությունը պետք է իրականացնի, քանի որ ինքը կոչված է, հենց այն մարմինն է Սահմանադրությամբ իրեն վերապահված, որպեսզի զսպի դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումները, իսկ նախարարի հայտարարություններն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել, այդքանը», - եզրափակեց Բալայանը։
--00—ՄՀ