ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմագործողությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է և Թուրքիան դա անընդունելի է համարում։
Նա շեշտել է իրենց աջակցությունն Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտնել է, որ ջանքեր են գործադրելու դիվանագիտության ոլորտում։
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի Խորհրդում Ուկրաինայի թեմայով շարունակվող գործընթացների մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երեկ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության
--00--ՄՀ