ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Ադրբեջանի ՊՆ ղեկավարի եղբայրը ինձ հետ նույն դասակում է ծառայել»: Այդ մասին «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում բացահայտել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ վերհիշելով Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում սովորելու տարիները: Նա հայտնել է, որ ՀՀ անկախության հռչակումից ու հատկապես 90-ականների պատերազմի ավարտից հետո արտերկրում ի պաշտոնե հաճախ է հանդիպել իր ուսանող-ընկերներին, որոնք այսօր Բաքվում զինվորական բարձր պաշտոններ են զբաղեցնում:
«Թերարժեքության բարդույթ ադրբեջանցիների հետ շփումներում չեմ ունեցել»,-խոստովանել է Հայաստանի ու Արցախի ՊՆ նախկին ղեկավարը, ապա հավելել, որ պատճառը նաև հաղթողի դիրքից շփումն էր:
Արցախի հերոսը պատմել է նաև 1992-ին Չլդրան գյուղի մոտ 2-րդ անգամ ծնվելու, անդամահատումից հետո ծագած բարդություններին հումորով վերաբերվելու, 44-օրյային գնդապետ որդուն տված խորհուրդների մասին, անուն առ անուն ներկայացրել է լավագույն «ենթակաների աստղաբույլը», պատմել Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ 1993-ին բանակցությունների մեկնելու մանրամասները, դժգոհել 8-րդ գումարման խորհրդարանի երիտասարդ պատգամավորների խոսույթից:
Գեներալ-գնդապետը պատմել է նաև կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ քաղաքականություն մտնելու հավանականության, նրա ֆեյսբուքյան գրառումների ու լուսանկարների, ինչպես նաև կնոջ ծաղկեփնջերի գնի հետ կապված ասեկոսեների մասին:
Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.
00:00 Անոնս,
01:35 Մայրս քարինտակցի է, հայրս՝ գորիսեցի, Շուշին ծննդավայրս է,
04:10 Ադրբեջանի ՊՆ ղեկավարի եղբայրը ինձ հետ նույն դասակում է ծառայել,
08:37 1992-ին Չլդրանը 2-րդ ծննդավայրս դարձավ,
14:31 Ոտքս չի մրսում, անտիֆրիզ է լցված,
15:45 1993-ին՝ Մոսկվայի հանդիպմանը, հագուստս մաշված չէր
18:55 Ունեմ լավագույն ենթակաների աստղաբույլ,
21:31 Մեծ որդիս գնդապետ է, 44-օրյային վիրավորվել է,
24:34 Ծառայության 37 տարիներին թերություններ եմ ունեցել,
28:54 Ասացի՝ ինձ փորձեմ քաղաքականության մեջ,
31:08 ԱԺ-ում երիտասարդների խոսույթը ինձ դուր չի գալիս,
33:45 Եթե շիշը չնետեի ու մոտ լիներ, հայրական ապտակ կտայի,
35:03 Ասում են՝ ամիսը $15․000-ի ծաղկեփունջ եմ գնում կնոջս համար,
37:30 Կնոջս վստահում եմ,
41:47 Պրոբլեմին պետք է հանդիպակաց մարտ հայտարարել:
Կարևոր մտքերը՝ շեղատառերով:
- 4-րդ դասարան էի, հայրս որոշեց․ «Չէ՞ որ Հայաստանից ենք, տեղափոխվենք»։
- Թերարժեքության բարդույթ ադրբեջանցիների հետ շփումներում չեմ ունեցել։
- Վիրավորումից հետո մի պահ թվում է՝ կյանքը կանգ է առնում, և շարունակություն չի ունենա։
- Սարգիս Ստեփանյանն ազատագրել է հողը, բայց այդ հողի վրա 2 ոտքով չի կարողանում կանգնել։
- Տղամարդը կարող է մարմնի ինչ-որ մասով հաշմված լինել, կարևորը հոգեպես հաշմված չլինելն է։
- Կան մարդիկ, որ ոտքերի վրա են, ձեռքեր ունեն, բայց նրանց աշխատանքի ՕԳԳ-ն զրո է։
- Մինչև վիրավորվելն եղել եմ վազող հրամանատար, վիրավորվելուց հետո՝ խրամատային։
- Լավագույն ենթականերիցս են Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը, Լևոն Մնացականյանը, Օնիկ Գասպարյանը:
- Մի՛ փորձիր երեխայիդ դաստիարակել, միևնույն է՝ նմանվելու է քեզ․ զբաղվի՛ր ինքնադաստիարակությամբ։
- 44-օրյային որդուս հորդորել եմ՝ ինչ խնդիր դրված է իր առջև, պետք է կատարել։
- Ցանկացած որոշում, որ հասցնում ես վերջնակետին, ամենաճիշտ որոշումն է։
- ՔՊ-ն կարծես ընդդիմության դերում լինի․ թվում է՝ ես բանակի ղեկավարն եմ, իրենք ընդդիմությունը։
- Կարո՞ղ եմ ասել, որ իմ ժամանակ չեն ազատվել․ իմ ժամանակ էլ են թերություններ եղել։
- Խելացի կին ունենալն անհրաժեշտություն է․ կինս ինձ աջակցում է։
- Ասում են՝ Օհանյանն ամիսը 15․000 դոլարի ծաղկեփունջ է գնում կնոջ համար․ 1 փունջը 15-20․000 դրամ է։
- Ամենակարևոր խնդիրներում կինս համաձայնացնում է ինձ հետ իր գործողությունները։
- Երբ ուժը քո ձեռքին է, հերոսություն չէ այդ ուժն օգտագործելը։
- Սխալը չվերացնելը նման է մարտի դաշտում անհաջողությունից հետո զորքն անտեր թողնելուն։
--00—ԼՄ