ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Հայաստանի պաշտոնաթող չորս նախագահներից հավանաբար ոչ ոք չի մասնակցի մարտի 13-ին կայանալիք Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը։
Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ նախագահը հրավեր ստացել է, սակայն, նրա մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն չունի։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
168.am-ի փոխանցմամբ, Հայաստանի հինգերորդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցի նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցության վերաբերյալ NEWS.am-ին չհաջողվեց տեղեկություն ստանալ։ Հայտնի էլ չէ՝ Արմեն Սարգսյանը Հայաստանո՞ւմ է, թե՝ ոչ։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել է մարտի 3-ին։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագահի ընտրությանը. նրանք ավելի վաղ հայտարարել էին նաեւ թեկնածու չառաջադրելու մասին։
Նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու է մարտի 13-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին։
--00--ԱՀ