ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան բաժինների ծառայողները: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, որոնց հետ են նաև ժողովրդին հայտնի կարմիր բերետները:
Օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը, որը ժամանում էր «Դոմոդեդովո»-ից , անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել, որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00--ՍԳ