ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Արևմուտքի և Ռուսաստանի փոխհարաբերություններում առկա ներկայիս լարվածության պարագայում դժվար է պատկերացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքը։ Այս մասին 24News-ին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի՝ եթե մինչև այս պահը բոլոր լարվածությունների դեպքում Արևմուտք - Ռուսաստանի Դաշնություն հակամարտությունը հարավկովկասյան տարածաշրջան և արցախյան հակամարտության կոնտեքստ չէր տեղափոխվում, «կարծես թե առաջին անգամ ականատես ենք լինում նրան, որ Արևմուտքն ու Ռուսաստանը սկսում են ոչ թե համագործակցել, այլ մրցակցել արցախյան հակամարտությանն առնչվող հարցերում, տվյալ դեպքում՝ միջնորդի դերի համար»։
Ապրիլի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, ռուսատյացության ալիքի տակ չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, «թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով»։ Իր հերթին Միրզոյանը հայտարարել էր, թե հաշվի առնելով մյուս համանախագահող երկրներից ստացած շատ հստակ ազդակները, «ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել ՄԽ ձևաչափով»։
Բացի այդ, ի պատասխան «Լուրերի» հարցմանը՝ ԱՄՆ պետական քարտուղարությունը հորդորել էր Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական շփումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով։ Պետքարտուղարությունը նաև հայտնել էլ, որ ԱՄՆ-ն շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում։
Մարտի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Երևանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։
Վերլուծաբան Աննա Կարապետյանի խոսքով՝ ապրիլի 6-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումը, և «կարծես թե հանդիպման միջոցով ֆորմատ ձևավորելու և այդ ֆորմատով շփումների շարունակական բնույթ տալու փորձերը ցույց են տալիս, որ Արևմուտքը՝ ի դեմս Եվրամիության, «որն ակնհայտորեն Միացյալ Նահանգների աջակցությամբ և հովանավորությամբ է գործում, (ինչը վկայում է նաև նույն պետքարտուղարի հեռախոսազրույցը բրյուսելյան հանդիպումից առաջ), փորձում է միջնորդական դերակատարումն իր վրա վերցնել նաև այն հարցերում, որոնց շուրջ մինչ այդ ՌԴ-ի միջնորդությամբ գործընթաց մեկնարկել էր»։
«Օրինակ՝ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունները դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։ Այժմ Արևմուտքը փորձում է վերցնել իր հովանու ներքո և առաջ մղել գործընթացը, ինչին Մոսկվան բավական սուր է արձագանքում։ Դա մենք տեսանք թե՛ Լավրովի մոսկովյան ասուլիսի ժամանակ, թե՛ դրանից հետո Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից և հետո տարածված հաղորդագրություններից», - հավելեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։
«Մինսկի խումբն այս պահին, ըստ էության, սառեցված վիճակում է։ Այսինքն՝ ակտիվ ֆորմատ, որպես այդպիսին, այս փուլում չկա և մոտ ապագայում դժվար էլ լինի։ Բայց դրա վերջնական լուծարման մասին էլ այս պահին դեռևս խոսելը տեղին չէ», - եզրափակեց Աննա Կարապետյանը։
--00--ՀԶ