ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Իշխանության խոսույթի հիմնական իմաստն այն է, որ Հայաստանը լեգիտիմ թիրախ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, որովհետև ունի նման Անկախության հռչակագիր և Սահմանադրություն։ Սա չափազանց վտանգավոր խոսույթ է, լեգիտիմացվում են այն պահանջները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան ունեն Հայաստանի հանդեպ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը ստանձնել լեգիտիմ թիրախ հռչակելու առաքելությունը, որը շատ վտանգավոր է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Բադալյանի համոզմամբ, Արևմուտքը հավանություն է տալիս Հայաստանում նոր սահմանադրության ընդունմանը։ «Պատահական չէ, որ սահմանադրության փոփոխության խոսույթը ծավալվեց, երբ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչները եկան Հայաստան, նրանց այցին զուգահեռ իշխանությունը բացեց այս խոսույթը։ ԱԱԾ-ի հայտարարությունը Ադրբեջանին ականապատ տարածքների նոր տեղամատյաններ տրամադրելու, ինչպես նաև՝ անհետ կորածների մասով ևս պետք է դիտարկել այս համատեքստում։ Մեծ խաղացողներին պետք է տարածաշրջանում խաղաղություն լինի, իրենց հետաքրքիր չէ Անկախության հռչակագրում ինչ ձևակերպումներ կլինեն, ասում են՝ հրաժարվեք, դա ձեզ ի՞նչ է տալիս, փոխարենը ձեզ կարգավորումեր կտան, խաղաղություն կլինի և ՌԴ, Իրան լծակները կթուլացվեն»,-ընդգծեց քաղաքական մեկնաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ