ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանի ուղեկցությամբ Ազգային առաջնորդարանում հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։
Հանդիպմանը ներկա էին Ազգային վարչության ատենապետ Րաֆֆի Սիսլյանը, փոխատենապետ, նախկին նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը։
Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը Լիբանանի գաղութի հոգևոր, կրթական, ընկերային և միութենական կյանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ է հաղորդել։
Արցախյան պատվիրակությունը որոշ մանրամասներ է ներկայացրել ներարցախյան իրավիճակի մասին։
Հանդիպումը լավագույն առիթ էր՝ քննարկելու Հայաստան- Արցախ- լիբանանահայություն փոխգործակցության հնարավորությունները, որոնք, ի հեճուկս հայ ժողովրդի առջև ծառացած համընդհանուր վտանգների, պետք է ավելի զարգանան՝ ի նպաստ մեր ժողովրդի վերելքի և ինքնության պահպանման։
Ներկաները ընդգծել են, որ Արցախ-Լիբանան փոխադարձ համագործակցությունն ու փոխօգնությունը փաստում են, որ ազգովի միակամ ենք։
--00--ՀԶ