ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Ո՛չ մանդատը, ո՛չ անձեռնմխելիությունը մեր անձերը կամ մեր թիմը պաշտպանելու համար չեն, ինքնանպատակ չեն։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու մտադրությանը՝ անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով:
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համապատասխան նախագիծը երեկ նախ տեղադրվել էր ԱԺ կայքում, ապա հեռացվել: Որոշման նախագծում ներառված էին բոլոր ընդդիմադիր պատգամավորների անունները բացառությամբ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանի։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ «մեզ համար և՛ մանդատը, և դրա շրջանակներում մեր գործունեությունն ուղղված են այն կարևոր խնդրի կատարման համար, որի համար մեր հայրենակիցները մեզ ընտրել են և ուղարկել Ազգային ժողով»։
«Հատկապես ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով՝ կարևոր խնդիրն այս իշխանություններին փոխելն է, որովհետև այս իշխանություններն ադեկվատ չեն երբևիցե և ռազմաքաղաքական իրավիճակից դուրս են գործում։ Եվ դա է պատճառը, որ մենք ոչ թե ԱԺ-ում ենք, այլ փողոցում ժողովրդի հետ ենք։ Դա ուղղված է մեր ինքնիշխանությունը պահպանելու, թույլ չտալու, որ մենք կուրորեն մտնենք թուրք-ադրբեջանական տանդեմի խաբկանքի մեջ։ Նաև թույլ չտանք, որպեսզի այսօրվա իշխանություններն ինչ-որ մի բան ժողովրդի թիկունքում ստորագրեն», - ընդգծեց պաշտպանության նախկին ղեկավարը։
Ըստ նրա՝ մանդատները կարող են թանկ լինել այսօրվա իշխանությունների համար, նույն Ալեն Սիմոնյանի համար։ «Եթե դիմել են ՍԴ, դա իրենց խնդիրն է, մենք էլ ՍԴ-ում կգործենք ըստ օրենքի։ Այսօր, տեսեք, մենք ինչ աղետալի իրավիճակում ենք, մեզնից հայրենիք են խլում, Արցախի մեծ մասն են խլել, մանդատն ի՞նչ է, որ դրա համար մենք ցավանք», - եզրափակեց Սեյրան Օհանյանը։
Սերգեյ Առաքելյան
--00--ՏՏ