ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Գ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Բարսեղ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենանեը տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
--00--ԱՀ