ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Հուլիսի 27-ին կեսօրին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․90-ի․ սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է, գրում է ermenihaber-ը։
Ըստ աղբյուրի՝ վերջին շաբաթվա ընթացքում լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմում է 0․99 %, իսկ ամսականը՝ ավելի քան 7 %։ Այս տարվա սկզբից մինչ այժմ լիրան 26 %-ով է արժեզրկվել, իսկ ապրիլի սկզբից՝ 17 %։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2021 թվականի վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:
--00—ԼՄ