ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Գյումրու Տիգրան Մեծ–Լեւոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է։
Ինչպես տեղեկանում է Գյումրու համայնքապետարանից, քանդման աշխատանքներին տեղում հետեւել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
«Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու եւ դադարեցնելու տվյալ աշխատանքները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը։
«Վերջերս քննարկման առարկա դարձած Լեւոն Մադոյան եւ Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինությունն ապամոնտաժվել է:
Շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական մեր գործընկերը:
Տեղի ունեցածը չէր կարող եւ չի խրախուսվել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նմանօրինակ դրսեւորումներն անընդունելի են մեզ համար եւ դատապարտելի:
ՔՊ ավագանու մեր գործընկերոջ գործողությունները հետեւանք են շտապողականության եւ թյուրըմբռնման:
Օրենքի առաջ բոլորն են հավասար` անկախ կուսակցական պատկանելիությունից եւ քաղաքական հայացքներից»,– գրել է նա։
--00--ԱՀ