ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արցախյան հարցի համապարփակ լուծումը կարող է լինել միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բավականին մեծ ակնկալիքներ ունենք հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիփ Ռիքերի այցելությանը տարածաշրջան։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ամերիկացի դիվանագետը կհանդիպի նշված երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները։
Պատգամավոր Արթուր Հարությունյանի խոսքերով, արցախյան խնդիրը լուծելու համար միջազգային հանրությունը միակ մանդատը տվել է ԵԱՀԿ ՄԽ-ին։
Ըստ նրա՝ Ֆիլիպ Ռիքերի այցելությունը տարածաշրջան ճանաչողական կլինի։ Հարցերին՝ բրյուսելյան վերջին հանդիպումը նշանակություն ունեցե՞լ է Արցախի համար, հանդիպման վերաբերյալ խոսակցություն եղե՞լ է Հայաստանի իշխանությունների հետ, Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Մեզ հետ խոսակցություն չի եղել, չեմ կարող ասել՝ այլ մակարդակներում եղե՞լ է խոսակցություն։ Բրյուսելյան ձևաչափը հարցի լուծում գտնելու ինչ-որ տարբերակ է, բայց նորից եմ կրկնում, համապարփակ լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։
«Ռուսաստանի դերակատարումն է շատ կարևոր։ Տարածաշրջանում խաղաղություն հաստատվել է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, որի կողմերից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է։ Առանձին-առանձին ձեւաչափերը չեն կարող համապարփակ լուծումներ տալ», - եզրափակեց արցախցի պատգամավորը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ