ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներից և հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ մասնակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։
«Վերջին երկու օրում լավ հանդիպումներ են եղել Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկեցինք ընթացիկ իրավիճակը և հաջորդ քայլերը։ Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին»,– նշել է Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Նշենք, որ Տոյվո Կլաարը վերջին անգամ Հայաստան էր ժամանել ադրբեջանական վերջին՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։
Սեպտեմբերի 14-ին Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
--00—ԻԴ