Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները հավաստի տեղեկություն ստացան, որ Աթոյան փողոցի բնակիչներից մեկը հողամասում ապօրինի զենք-զինամթերք է թաքցրել։ Նույն օրը տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։



Ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային քննչական մարմնի ծառայողներն այցելեցին Աթոյան փողոց։ Տեղեկությունները հաստատվեցին։ Իրավապահները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր՝ 7,62 մմ տրամաչափի 171 փամփուշտով։



Զենք-զինամթերքը թաղված էր հողամասում։

Տատնտերը ձերբակալվել ու տեղափոխվել է Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն:



--00—ԶՀ