ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ:
ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակները:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը ՀԲ հուսալի գործընկերն է և լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ Կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում հասնելու գործընկերային ավելի բարձր մակարդակի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի և հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
--00--ԱՀ