ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ԵԿՄ վարչության շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը ցանկանում ենք ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Առանձնահատուկ շնորհավորանքներ սահմանին կանգնած զինվորներին, երկրապահներին, կամավորականներին, հերոսածին մայրերին:
Ջերմ շնորհավորանքներ Պատանի, Երիտասարդ երկրապահներին:
Մենք պետք է 2023 թվական թեւակոխենք այն գիտակցումով, որ մեր ապագան միայն մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Տեղին-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե ես, թե բանակը»: Մենք պետք է միասնական լինենք, իրար մեջ թշնամիներ փնտրելու փոխարեն մի բռունցք դառնանք, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը երազում էր ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ․ «Գոյատեւելու համար մեզ պարտադրված է ունենալ ուժեղ բանակ»,-ասում էր նա:
Բոլորս միասին պետք է հզորացնենք մեր բանակը, հզորացնենք մեր պետությունը, ամրացնենք մեր սահմանները:
Միշտ դժվար պահերին համախմբվել եւ հաղթահարել ենք այդ դժվարությունները:
2023թ. թող լինի ձեռքբերումների, հաջողությունների, խաղաղության տարի:
Թող նոր տարում իրականանան բոլորի նվիրական երազանքները:
Արցախահայությանը ցանկանում ենք ամուր կամք, տոկոնություն։ Մեր բոլորի ցանկությունն է անվտանգ, խաղաղ ու ապահով երկիր ունենալը, որն ապահովելու համար բոլորիս միասնական գործոնն է անհրաժեշտ։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Աստված պահապան Հայոց աշխարհին, հայ ժողովրդին:
Փա՛ռք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին, Սփյուռքին»։
--00—ՅՄ