ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Սրտի կանգ ունեցած 2-ամյա երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է արդեն իսկ մահացած։ Այս մասին 24News-ին ասաց ԲԿ-ի մամուլի քարտուղար Աիդա Կարապետյանը։ «2-ամյա փոքրիկը տեղափոխվել է երեկ ժամը 19:00-ից հետո Շտապ օգնության բրիգադով արդեն իսկ սրտի կանգ ախտորոշումով»,- նշեց Կարապետյանը։
Ըստ նրա՝ 1 ժամից ավելի իրականացվել են վերակենդանացման փորձեր. «Անեսթեզիոլոգները, ռեանիմատոլոգները, կարդեոլոգները, մի ամբողջ բրիգադ փորձել են վերակենդանացնել։ ՇՊ բրիգադը ճանապարհին սրտի մերսումներ, վերակենդանացման միջոցառումներ է իրականացրել, բայց արդյունք չեն տվել»։ Կարապետյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչը կարող էր լինել երեխայի մահվան պատճառը։
«Դրա պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը, որը նշանակված է։ Այլ հարցերի համար դիմեք իրավապահ մարմիններին»,- հավելեց ԲԿ մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմանում երեխա է հանկարծամահ եղել։
Սերգեյ Առաքելյան
--00—ԶՀ