ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Հունվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին, նրա մոտից գողացել գումարը և դիմել փախուստի, աշխատակիցն էլ արնաշաղախ վիճակում է, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմանում անհայտ անձը նշված փողոցի 43/1 հասցեում գործող «Ռան-Օյլ» բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով բենզալցակայանի աշխատակից, Արարատի մարզի բանկիչ 44-ամյա Գ․ Ս․-ից վերցրել է բանալին, ապա մոտ 30 րոպե փակվել է զուգարանի ներսում։
Լիցքավորող Գ․ Ս․-ն, երբ փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, զուգարանում գտնվող անձը անսպասելի հրել է և գետնին տապալել Գ․ Ս-ին, ապա ձեռքին եղած քարով հարվածել նրա գլխին, հափշտակել նրա մոտ եղած գումարը ու դիմել փախուստի։
Բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, սակայն վերջինս, ում գլխից արյուն էր հուսում, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բենզալցակայանի աշխատակցի արյունոտված հագուստները, իսկ զուգարանում՝ արնանման հետքեր։
Դեպքի փաստով ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
--00—ԼՄ