ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Տարածաշրջանային այցի շրջանակներում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի այցը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր է: Ավելին, նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի մակարդակով նման այցելությունն առաջինն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։
«Եգիպտոսն արաբական երկրներից առաջիններից էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Եգիպտոսի նախագահի այցը՝ եգիպտա-հայկական ջերմ հարաբերությունների վկայությունն է, որոնք ընդգրկում են տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներ:
Փոքրաթիվ, բայց բավականաչափ ակտիվ և կազմակերպված Եգիպտոսի հայ համայնքը ավանդաբար ակտիվ դերակատարություն ունի երկրի ներսում և սերտորեն կապված է նաև Հայաստանի հետ:
Արաբական այս երկրում հայերի ավանդական դերակատարության մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է դեռ 1825 թ., որի առաջնորդանիստն է Կահիրեում գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. այն ընդգրկում է Եգիպտսի հայ համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները:
Եգիպտոսն արաբական աշխարհի առաջատար երկրներից է, որը տարածաշրջանի ռազմաքաղաքական առումով ազդեցիք դերակատարներից մեկն է:
Մերձավոր Արևելքում Եգիպտոսի դիրքորոշումը մի շարք իրողությունների նկատմամբ կարող է համընկնել նաև Հայաստանի տարածաշրջանային հետաքրքրությունների հետ:
Անչափ կարևոր է նաև, որ Եգիպտոսի անվտանգային հարցերի շուրջ արձանագրած մեծ փորձը կարող է էական առումով հետաքրքրական լինել մեր պետության համար»։
--00—ՅՄ