ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Երեկ ծառայությունից ազատվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ ծառայությունից ազատվել են պարեկային ծառայության Երևանի գնդի 2 պարեկներ:
Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Ռոման Միրզախանյանը «Համերի» վարորդի կողմից վրաերթի ենթարկված պարեկն է։
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել էր հրազեն:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենայով անցած գիշեր Երևան քաղաքի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած և պարեկների օրինական պահանջներին չենթարկված անձը ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ «Համմերի» վարորդի՝ Երևանի կենտրոնում կատարած խուլիգանական գործողություններից ու նրա ձերբակալումից:
Նա Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
--00—ԶՀ