ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վարույթով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին 2 ամսով կալանավորելու որոշումն առաջիկայում կբողոքարկվի։ Այս մասին 24News-ին ասաց Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Փաստաբանն ասաց, որ ստացել է կալանավորելու մասին դատարանի ամբողջական որոշումը, համաձայն որի՝ Հակոբյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապօրինի ազդել վկաների վրա։ Սարգսյանն անհիմն է համարում դատարանի հիմնավորումները՝ նշելով, որ վարույթ իրականացնող քննչական կոմիտեն պատշաճ քննություն չի իրականացրել, և որ իր պաշտպանյալը պատրաստակամություն էր հայտնել ցուցմունք տալ՝ բացառելով քննությանը խոչընդոտելը։
Կապիտան Եղիշե Հակոբյանին մեղսագրվում է զորամասի կացարանի վառարանը բենզինով վառելու արարքը, որի հետեւանքով բռնկված հրդեհն առաջացրել է 15 զինծառայողի մահ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ