ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Տեղ համայնքի այն հատվածում, ուր ներխուժել էին դեռեւս մարտի 30-ին։ Այս մասին 24News-ին ասաց Տեղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը։
Նա դժվարացավ նշել, թե քանի ադրբեջանցի կա Հայաստանի օկուպացված այդ հատվածում, որտեղ արդեն ներխուժման օրը սկսվել և իրականացվել են ամրակայման, ինժեներական աշխատանքներ, խրամատներ են փորվել՝ վնասելով գյուղացիների արտերը։
«Ո՞վ ա թողնում, որ մոտիկ գնանք, որ մի հատ էլ տեսնենք։ ԱԱԾ-ն մոտակայքում պոստ է դրել, չի թողնում բնակիչները մոտենան իրենց արտերին»,- պարզաբանեց Մասիս Զեյնալյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանական զորքերի հետքաշման բանակցություններից դեռ դրական բան չկա, նույն վիճակն է, ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են։
Հիշեցնենք՝ Տեղ գյուղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ