ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հայաստանի Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ։
Ինչպես նշված է ՀՀ Կառավարության կողմից ներկայացված 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, 2022 թվականին ՀՀ-ն շարունակվել է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացումը ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության, դատաիրավական համակարգի բարեփոխումների և այլ ուղղություններով:
Մայիսի 2-3-ը Վաշինգտոնում կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը: Ամրապնդվել է տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը:
2022 թվականի հունիսի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ին 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի՝ ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական կայունության ապահովման նպատակով:
Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքային այցով ՀՀ է ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը:
2022 թվականի ընթացքում կայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի 1 հանդիպում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում և 9 հեռախոսազրույց:
Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:
Տարվա ընթացքում կայացել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ԱՄՆ:
ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը 2022 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 465 մլն ԱՄՆ դոլար, 2021 թվականի՝ շուրջ 207 մլն ԱՄՆ դոլարի համեմատ՝ գրանցելով 2,2 անգամ աճ:
--00—ՅՄ