Արթուրը մեկ ոտքով հաղթեց եզրափակչում. գլխավոր մարզիչը՝ ԵԱ-ում Ալեքսանյանի մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

344064765_793039328905548_1475578306151725861_n-1-750x375.jpg

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է թիմի ելույթները Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ հայ ըմբիշները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին: Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Ռուդիկ Մկրտչյանը այնքան էլ լավ հանդես չեկավ: Իր ելույթներից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարող էր անել ավելին:

Գևորգ Ղարիբյանը վիրահատությունից հետո էր վերականգնվել, չէր մասնակցել միջազգային մրցաշարերի: Եվրոպայի առաջնությունում պարտվեց Էդմոնդ Նազարյանին ու իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, որտեղ ցավոք պարտվեց:

Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց, ինչի համար շնորհավորում եմ: Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Ցանկանում եմ, որ շարունակական լինեն հաջողությունները:

Սլավիկ Գալստյանից էլ գոհ չեմ: Անհասկանալի պատճառներով պարզվեց, շուտով հավաքներ ենք անելու, կխոսենք ու կհասկանանք, թե ինչ խնդիր կա:

Շանթ Խաչատրյանը լավ հանդես եկավ երկու գոտեմարտ հաղթելուց հետո հանդիպեց Սերբիան ներկայացնող աշխարհի անցած տարվա չեմպիոնին: 4-3 հաշվով հավասար պայքարից հետո պարտվեց: Շանթից այնքան էլ դժգոհ չեմ, թեև կարող էր ավելին անել:

Մալխաս Ամոյանը հերթական 3-4 գոտեմարտեր հաղթելուց հետո եզրափակչում հանդիպեց սերբ Նեմեշին: Ներքին ձայնս ինձ հուշում էր, որ Մալխասը չի պարտվելու: Իսկական չեմպիոնական բնավորություն էր: Հաղթելու ցանկությունը մեծ էր ու մինչև վերջին վայրկյանը պայքարեց՝ մեծ կամք դրսևորելով:

Սամվել Գրիգորյանը բավական վստահ մեկնարկեց, բայց հետո իր երիտասարդ անփորձ լինելն իրեն խանգարեց:

Վիգեն Նազարյանը երկու գոտեմարտ հաղթելուց հետո շվեյցարացի ըմբիշի հետ գոտեմարտում կոպիտ սխալ թույլ տվեց ու չկարողացավ հաղթանակի հասնել:

Արթուր Ալեքսանյանի ելույթին բնականաբար գերազանց գնահատական կտամ: Արթուրը մեկ ոտքով հաղթեց եզրափակչում, քանի որ առաջին վայրկյաններից մրցակիցը հարվածեց նրա ոտքին, հեմատոմա էր առաջացել. Արթուրը բնավորություն ցույց տվեց, ինչպես միշտ է անում:

Դավիթ Օվասափյանի մոտ արդեն դրական շարժ ենք նկատում: Հուսանք նա ավելի կավելացնի ու հաջորդ մրցումներում ավելի շատ կուրախացնի մեզ»:



--00—ԶՀ