Իրանական Յազդն ու Գյումրին ունեն մեծ հնարավորություններ ու ներուժ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

ss

Հուլիսի 8-ին Իրանի Յազդ քաղաք են ժամանել Հայաստանի Գյումրի համայնքի ղեկավարի օգնական Արամ Շաբոյանը և համայնքի միջազգային հարցերի բաժնի աշխատակից Կարապետ Խուբեսարյանը։ Հայկական պատվիրակության այցը Յազդ պատմական քաղաքի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու 6-րդ տարելիցի կապակցությամբ էր, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ 

Եռօրյա այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Յազդի քաղաքապետի, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղխորհրդի անդամների և Յազդի առևտրի պալատի պատասխանատուների հետ, այցելել Յազդ քաղաքի պատմամշակութային վայրեր և արդյունաբերական կենտրոններ:

Իրանի Յազդ պատմական քաղաքը և Հայաստանի մշակութային ու պատմական մայրաքաղաք, երկրորդ մեծ քաղաք Գյումրին քույր քաղաքներ են հայտարարվել 2021 թվականին:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկու քույր քաղաքների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Արամ Շաբոյանի խոսքով՝ Յազդն ու Գյումրին ունեն մեծ հնարավորություններ ու ներուժ՝ համագործակցությունները խորացնելու համար, մասնավորապես՝ էլեկտրոնիկայի, ծրագրավորման, արդյունաբերության, արվեստի, զբոսաշրջության, առողջապահության և գիտատեխնիկական պարկերի ոլորտներում:

--00—ՍՊ