ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների համար հայտարարությամբ է հանդես եկել Վիեննայում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո՝ անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերություններին, Հայաստան-ԵՄ գործընկերությանը, միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Միրզոյանը նշել է, որ իր գործընկերոջը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում․
«Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։
Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։
Իհարկե, վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։
Եզրափակելով նշեմ, որ վերոնշյալ հարցերում, և որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
--00—ՍՊ