ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը մեկ տեղում․Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը բացվել է Հայաստանի պատմության թանգարանում՝ թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհավորելով բոլորին յուրահատուկ ցուցադրության բացման կապակցությամբ, ընդգծեց, որ ցուցադրվող 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը:
«Այս ցուցադրությունը մշակութային ժառանգության պահպանման, ներկայացման և գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է իր մեջ պարունակում: Մայր հայրենիքում՝ մեր հանրապետության սրտում, առաջին անգամ կներկայցվի Ջեյմս Թուֆենկյանի երկար տարիների աշխատանքի արդյունքը:
Արցախի, Սյունիքի, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և hայկական տարբեր շրջանների տիպաբանությամբ ընտրված շուրջ 30 գորգերը՝ մի մասը նաև արձանագիր, հատուկ փոխադրվել են ԱՄՆ-ից այս ցոուցադրության համար: Թանգարանի շուրջ 400 քմ ցուցադրական տարածքում վերանորոգման աշխատանքների իրականացմամբ, նորարարական հայեցակարգերով և համադրություններով յուրահատուկ այս ցուցադրությունը շուրջ մեկ տարի բաց կլինի և կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի այցելուներին»,- ասաց թանգարանի տնօրենը:
Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Թուֆենկյանին՝ Հայկական գորգերի հրաշալի հավաքածուն կազմելու և Հայաստանում դրա հետ հաղորդակցման հնարավորությունը ապահովելու համար:
Հավաքածուի հեղինակ Ջեյմս Թուֆենկյանը նշեց, որ ցավոք ցեղասպանությունից հետո թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են ջնջել հայկական հետքեր: Ըստ նրա՝ այս դեպքում էլ արել են ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհում խոսվի, որ գորգերը արտադրվել են Թուրքիայում, Ադրբեջանում, Անատոլիայում, բայց ոչ երբեք՝ Հայաստանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ