ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ռուսաստանի տարբեր մարզերում սեպտեմբերի 10-ը հայտարարվել է քվեարկության միասնական օր։ Ընտրությունների ընթացքում ՌԴ քաղաքացիները կընտրեն նահանգապետների, օրենսդիր ժողովների պատգամավորների, տեղական ներկայացուցչական մարմինների, ինչպես նաև ՌԴ պետդումայի 4 պատգամավորի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալության հրապարակումից։
Ընդ որում, առաջին անգամ այդ ընտրություններին են մասնակցելու նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի և Զապորոժիեի մարզերի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի կողմից իր մաս հայտարարված սուբյեկտներում ընտրությունների անցկացումը՝ դրանք անվանելով «անօրինական»։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ ընտրություններն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - գրել է Բլինքենը X սոցիալական հարթակի իր էջում։
--00—ԼՀ