ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ադրբեջանի հասցեին արված անհիմն պնդումները։ Անընդունելի ենք համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը։ Այս մասին հայտարարում է թշնամական երկրի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ Փարիզը պայմանագիր կկնքի Երևանին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։ Նա նաև հայտնել է, որ պաշտոնապես դիմել է ԵՄ ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ընդլայնելու և նրա մանդատը ուժեղացնելու առաջարկով։
«Ֆրանսիայի այն պնդումը, որ հայ բնակիչները, ովքեր կամովին լքել են տարածաշրջանը, բռնի տեղահանվել են, անհիմն է և դեմ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը, և նպատակ ունի մոլորեցնել համաշխարհային հանրությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ