ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումների պատճառով մերկասառույց է առաջացել, ճանապարհը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմից եկողներին թույլ չեն տալիս մտնել Վրաստան Խաչի լեռնանցքի հատվածում կուտակումներից խուսափելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Խաչի լեռնանցքում հոկտեմբերի 10-ի երեկոյան առատ ձյուն է տեղացել, արդյունքում ճանապարհներին առաջացել է մերկասառույց, ինչը վտանգավոր է բեռնված բեռնատարների համար: Այդ պատճառով տեղի ժամանակով 23:00-ին ճանապարհը փակել են բեռնատարների համար: Հիմա ավազ և աղ են լցնում, որ մերկասառույցը հալվի, և վերականգնվի»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է:
Թե երբ կբացվի ճանապարհը բեռնատարների համար, դժվար է ասել, կախված է նաև եղանակից: Մաքսային կցորդի խոսքով՝ եթե մերկասառույցը հալվի, նոր տեղումներ չլինեն, ճանապարհը կբացվի: Այս պահին Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ