ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հայաստանյան լրատվամիջոցների համար 2023 թվականի երրորդ եռամսյակը գերլարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ԽԱՊԿ-ի երրորդ եռամսյակի զեկույցը, նշեց, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որոնք առանձնացան անզիջում նախընտրական պայքարով ու հետընտրական զարգացումներով, որոնք էլ իրենց ազդեցությունը թողեցի մեդիայի աշխատանքի վրա։
«Այս գործընթացներն, այդ թվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդվեցին երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներով։ Այս անգամ նույնպես այդ լարված իրավիճակն անդրադառնում էր լրատվամիջոցների աշխատանքի վրա։ Նույն ցույցերը, բողոքի ակցիաները, երբ լուսաբանվում էին, մեդիայի աշխատակիցները հաճախ տարատեսակ ճնշումների էին ենթարկվում։ Այս առումով, պետք է նկատել, որ եթե առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր չկային, ապա երրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 3 դեպք։ Երեքն էլ կապված են վերը նշված իրավիճակներով։ Դեպքերից մեկը տեղի է ունեցել Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղում)։ Մյուս երկու դեպքն էլ տեղի է ունեցել Երևանում, ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ու հետընտրական ժամանակահատվածում»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ