ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը. «Մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պարեկային ծառայության մեկնարկը Սյունիքի մարզում թույլ է տալիս փաստել, որ մենք հետևողականորեն իրագործում ենք նոր ոստիկանություն ձևավորելու մեր ծրագիրը, որը հարիր է ժողովրդավարության այն մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը։
Այսօր Պարեկային ծառայությունը գործարկվել է ևս երեք մարզում, իսկ Սյունիքի մարզով, ըստ էության, ամփոփվում է Պարեկային ծառայությունն ամբողջ հանրապետությունում ներդնելու մեր տեսլականը։ Հետհայացք գցելով Պարեկային ծառայության ստեղծման սկզբնական ժամանակահատվածին՝ պետք է փաստեմ, որ այն նոր Ոստիկանություն ձևավորելու առաջին քայլն էր, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողներն ու քաղաքացիական անձինք համախմբվել են և նոր շունչ հաղորդել իրավակարգի և օրենքի պահպանման կարևորագույն գործառույթին։
Համակարգային այս փոփոխությունը բնականաբար հեշտ չի տրվել, բայց մեր կամքն ու վճռականությունը թույլ է տվել հասնել ցանկալի արդյունքին։ Այս պատասխանատու գործում եղել է և շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանին։
Գոհունակությամբ նշեմ, որ մեծ է եղել նաև մեր միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներդրումն այս հարցում, ինչի շնորհիվ հնարավոր են դառնում բոլոր ռազմավարական քայլերի պլանավորումն ու իրականացումը՝ հենված արժեքաբանական միասնականության վրա։
Սիրելի՛ ծառայողներ, Ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա վարքագծով է ձևավորելու Սյունիքի պարեկային ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը։ Դուք ստացել եք որակյալ կրթություն, ունեք տեխնիկական ժամանակակից հագեցվածություն, սոցիալական երաշխիքների բարձր մակարդակ։
Վստահ եղեք, որ ունեք նաև Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ լիակատար աջակցությունը՝ ոստիկանի պատվաբեր աշխատանքը ողջ նվիրումով կատարելու համար։
Բարի երթ և անփորձանք ծառայություն եմ մաղթում Սյունիքի մարզի պարեկային ոստիկանությանը»։
--00—ՍՊ