ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա տարաձայնություններին` Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է: Այս մասին նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է վերանայվի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Սա, իհարկե, առաջին անգամը չէ, երբ մենք համաձայն չենք Թուրքիայի ղեկավարության հետ։ Այնուամենայնիվ, մենք դեռ նրանց համարում ենք ՆԱՏՕ-ի արդյունավետ և օգտակար անդամ։ Մենք կշարունակենք աշխատել նրանց հետ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կա համաձայնություն», - արձագանքել է Միլլերը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում պաղեստինցիներին աջակցություն հայտնող բազմահազարանոց հանրահավաքում, Իսրայելին անվանել էր պաղեստինյան տարածքների օկուպանտ։
--00—ԼՀ