ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Երևանը հույս ունի ամրապնդել անվտանգության հարցերով համագործակցությունը ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ առանձին եվրոպական երկրների հետ։ Այս մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան» թեմայով ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Վերջին շրջանում Հայաստանը ինտենսիվ երկխոսություն է վարում ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ։ Նոր հնարավորություններ են բացվել, և այդ հնարավորությունները տարբեր տեսակի են։ Երբևէ անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չենք ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ։ Հուսով ենք, որ անվտանգային հարցերով կխորացնենք համագործակցությունը հավաքական Արևմուտքի և առանձին երկրների հետ։
Խոսքը ոչ միայն ռազմական բաղադրիչի մասին է, քանի որ նույնիսկ տնտեսական համագործակցությունը կարող է ունենալ անվտանգության բաղադրիչ։ Հայաստանը պատրաստ է դրան, մենք մեծ կամք ենք դրսևորել համագործակցության առումով առաջ գնալու համար»,- նշել է նա։
--00—ՅՄ