ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք հայ գործընկերների հետ, քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ ամփոփելով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցը Հայաստան։
«Իրանը պատրաստ է նպաստել այս գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա»,-ասել է նա։
Խոսելով Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման մասին՝ Քանանին ասել է, որ երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Իրանը պետք է բացեր իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում, իսկ Հայաստանը՝ Թավրիզում։ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել մի քանի տարի առաջ, ուստի Հայաստանը կարող է փոխադարձ հիմունքներով բացել իր գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։
--00—ՅՄ