Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

photo_2024-01-12_16-06-27

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի ներկայացուցիչներ:

Հայաստանում ապաստան հայցող անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ:

Անահիտ Մանասյանը նշել է, որ  Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում կուսումնասիրի նրանց կողմից բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան  քայլեր:

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ապաստան հայցողների,  փախստականների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:

--00—ՅՄ