ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Ինչպես և կանխատեսել էինք, Թրամփը հաղթեց նաև Նյու Հեմփշիրի փրայմերին։ Այս մասին հրապարակում է կատարել «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը»։
Թրամփը դարձավ նորագույն պատմության մեջ առաջին ոչ գործող հանրապետական նախագահի թեկնածուն, որ հաղթում է ինչպես Այովան, այնպես էլ Նյու Հեմփշիրը:
Հանրապետական մյուս թեկնածուն՝ Նիկի Հեյլին շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ, բայց նաև պնդել, որ դեռ կշարունակի մնալ մրցավազքում. «Նյու Հեմփշիրն առաջինն է մեր երկրում, սակայն վերջին չէ: Այս մրցավազքը հեռու է ավարտից, քանի որ դեռևս տասնյակ նահանգներ կան», ասել է Հեյլին: Չնայած նման ցանկությանը, նրա շանսերը հանրապետականների հիմնական թեկնածու դառնալու համար քիչ են:
Ամենայն հավանականությամբ Հեյլիի և նրա դոնորների հաշվարկն այլ է: Նրանք ցանկանում են մնալ գործընթացում այնքան ժամանակ, որքան կարող են, հաշվի առնելով Թրամփի շուրջ ձևավորված անորոշությունը: Չորս քրեական դատավարությունները, որոնցում գլխավոր գործող անձը Թրամփն է անորոշություն են տալիս նախկին նախագահին և նրա հետագա ծրագրերին: Չի բացառվում, որ Թրամփին կալանավորելու հնարավորությունը նույնպես հաշվարկված է Հեյլիի շտաբում:
Հաջորդ փրայմերին տեղի կունենա Հեյլիի հարազատ Հարավային Կարոլինայում, որտեղ նա նահանգապետ է եղել մինչ 2017թ, որից հետո Թրամփը նրան նշանակել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան:
--00—ԼՀ